«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու»:
Այ ձեր ցավը տանեմ, ռազմական քաղաքակրթության ստորակետը չխախտած էս դասական կոչը Արցախի հողից հայկականության հետքերը ջնջել ջանացող, հայ գերի գլխատող ու ստորացնող թշնամու՞ն է ուղղված, թե՞ էդ ձևական հումանիտար հրադադարը հեղինակածների քաղաքակիրթ ականջներին: Չե՞ք տեսնում, որ վերջիններիս փամփուշտին էլ չի՝ հրադադարը խախտող կողմը մե՞կ հայ զինվորի ու խաղաղ բնակչի զոհվելու պատճառ դարձավ, թե՞... (լեզուս էլ չի պտտվում՝ թիվ ասեմ), «Սմերչը» Շուշիու՞մ պայթեց, Ստեփանակերտու՞մ, թե՞ Հայաստանի հարավ-արևելյան սահմանին:
«Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- սա էլ Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարության եզրափակիչ ակորդն է՝ միջազգային մարդասիրական իրավունքը գոնե մեր պարագայում սառնասրտորեն անտեսող արևմտյան կառույցներին ուղղված:
Հիմա էլ ձեզ ասե՞մ՝ այ ձեր հոգուն մատաղ, ախր դուք էլ լավ գիտեք, որ ձեր նշած կազմակերպիչները երբեք էլ չեն ենթարկվելու պատասխանատվության, էլ ի՞նչ իմաստ ունի օրը մի հայտարարությամբ չոքել «մարդասերների» դռներին, հուսալով, թե օգնելու են մեզ ձախողել «Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը»: Ախր ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ մինչև էս նախճիր-պատերազմում բեկում չարձանագրվի, ոչ սըր Թրամփն է տեղից շարժվելու, ոչ մսյո Մակրոնը, ոչ էլ գասպադին Պուտինը: Մեր ԶԻՆՎՈՐՆ իր կյանքով է փորձում էդ բեկումն ապահովել, բայց 5-րդ սերնդի սպառազինության դեմ անձնազոհությամբ միայն չես կռվի, համարժեք զենք է պետք դեմ տալ քթներին, որ ծուխը ականջներից դուրս գա: Մեր ռազմական ղեկավարությունը հավաստիացնում է, որ ունենք էդ համարժեքը, բայց թե ինչու մինչ օրս իր ողջ հզորությամբ չի հանվել թշնամու դեմ, ռազմական գաղտնիքի անվան տակ չի բարձրաձայնվում: Էլի՛ մի բարձրաձայնեք, էդ ո՞վ չի հասկանում, որ պատերազմը շատախոսության ու գեղգեղանքի մրցահարթակ չի, բայց գործի՛ դրեք էդ համարժեքը, ի վերջո, գրողը տանի, թնդանոթը թնդանոթով պիտի լռեցվի, ոչ թե զինվորի մարմնով:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ